«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ամեն հինգշաբթի անցկացվող հանդիպումն այս անգամ միավորել էր հանրապետության լավագույն սրտաբաններին։ Բանախոսը՝ ՀՀ ինտերվենցիոնալ սրտաբանության ասոցիացիայի նախագահ, Եվրոպական և ՌՖ-ի սրտաբանության ասոցիացիաների անդամ Շահեն Խաչատրյանն էր, առիթը՝ նրա հեղինակած «Սրտի աթերոսկլերոտիկ հիվանդություններ» գրքի շնորհանդեսը, որի համար ընտրվածը վայրը պատահական չէր:
Շահեն Խաչատրյանը սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի աշակերտներից է, հոգով, սրտով միքայելյանական, ում հիշողություններում վիրաբուժության ինստիտուտը դրոշմված է որպես մայր կլինիկա։ Նա հպարտանում է վիրաբուժության ինստիտուտում իր անցած ուղով, շեշտում, որ բժշկական սխրանքներ գործելուց բացի սա նաև սերունդ կրթող օջախ է, ընտանիք։
Գրքի շնորհանդեսին Շահեն Խաչատրյանը պատմեց, որ դեռևս Ալեքսանդր Միքայելյանի օրոք սրտաբանական ինչ բացառիկ միջամտություններ էին այստեղ իրականացվում, հիշեց իր ուսուցչին, գործընկերներին. «Այս կամարները շատ հրաշալի մարդկանց են լսել, շատ հրաշալի մարդկանց ուսուցանել»: Նրա խոսքով՝ պրոֆեսոր Միքայելյանն իր կազմակերպչական և մասնագիտական հմտություններով ստեղծել է մի վիթխարի կենտրոն, որն իր ժամանակին լավագույնն էր տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտական ներուժով, իսկ վերջին տարիներին այն նոր շունչ է առել։
Այնուհետև Շահեն Խաչատրյանը ներկայացրեց «Սրտի աթերոսկլերոտիկ հիվանդություններ» գրքի լույս տեսնելու նախապատմությունը և անհրաժեշտությունը։ Հեղինակը շեշտեց, որ այս ձեռնարկն առաջին գիրքն է, որը հայերենով նկարագրում է ներանոթային ինվազիվ մեթոդով թերապիայի եղանակները և արդյունքները։ Այն կարող է դառնալ սեղանի գիրք թերապևտների, սրտաբանների, ուսանողների համար բուհական և հետբուհական կրթության շրջանակում։ Շահեն Խաչատրյանի խոսքով՝ ձեռնարկում տեղ են գտել սրտի և խոշոր անոթների աթերոսկլերոտիկ բնույթի հիվանդությունների էթիոլոգիաների, պաթոգենեզի, կլինիկական նշանների, կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտությունների, բուժման ժամանակակից եղանակների և մեթոդների մասին մանրամասն տվյալներ, ներկայացված են ժամանակակից համաշխարհային բժշկության ցուցումները և հետազոտությունների արդյունքները, վիճակագրական տվյալներ, իլյուստրացիաներ, աղյուսակներ։
Գրքի շնորհանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր՝ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի վարիչ Համլետ Հայրապետյանը, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական բուհի Սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը, «Նորք Մարաշ» ԲԿ տնօրեն, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը, բժիշկներ, ուսանողներ, այլք։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով Համլետ Հայրապետյանը, ով գրքի գրախոսներից է, կարևորեց հայալեզու գիտակրթական գրականության առկայությունը և հասանելիությունը։ Նա շեշտեց, որ այս գիրքն ուղղված է լրացնելու այն բացը, որն առկա է տարիներ շարունակ սրտաբանության գիտական գրականության, դասագրքերի շրջանում։ Գիրքն, ըստ Հայրապետյանի, արժեքավոր է նաև արդիականությամբ և այն անպայման պետք է ընթերցել։
Միքայել Ադամյանը նշեց, որ բեմ է բարձրացել որպես Շահեն Խաչատրյանի աշակերտ, ուսանող, մարդ, ում կյանքում գրքի հեղինակը մեծ դեր է ունեցել։ «Ես հպարտ եմ լինել Շահեն Նորայրովիչի աշակերտը։ Գնահատեք Ձեր ուսուցիչներին, չմոռանաք և չուրանաք նրանց արած աշխատանքը»,-դահլիճում նստած երիտասարդ մասնագետներին դիմելով՝ ասաց նա։
Համայակ Սիսակյանը ևս շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց գրքի համար, նա կարևորեց հայերեն նման գիրք հրապարակելու հեղինակի նախաձեռնությունը և երիտասարդ սերնդին կրթելու ցանկությունը։
Գրքի շնորհանդեսին ներկաները ծաղկեպսակ դրեցին հիվանդանոցի հիմնադիր Ալեքսանդր Միքայելյանի հուշարձանի առաջ։
.png)